Եթե «Ղարաբաղ Տելեկոմը» պետականացնենք կամ պայմանագիրը խզենք, մենք պետք է փոխհատուցենք այդ ընկերության ներդրած 70 մլն դոլարը: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հարցին, արդյո՞ք այդ ընկերությունը չի մենաշնորհայնացրել շուկան:

«Իհարկե, մենք կարող ենք պայմանագիրը խզել, այդպիսի կետ կա պայմանագրում, ինձ ոչ ոք այդ պայմանագիրը չի տվել, ես եմ հայթայթել պատճենը: Եթե պայմանագիրը խզենք կամ պետականացնենք, պետք է փոխհատուցենք ներդրումները: «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը մինչեւ այսօր կատարել է 70 մլն դոլարի ներդրում, փաստաթղթով հիմնավորված է: Եթե ուզում ենք պետականացնել կամ պայմանագիրը խզել, պետք է փոխհատուցենք: Կա՞ նման մարդ, որ այդքան գումար կներդնի եւ տարեկան 2 մլն դոլարի շահույթ կստանա, ես այսօր չունեմ պատասխանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետը նշել է, որ ինքը դժգոհ է ոչ միայն սակագնից, այլեւ որակից, եւ այսօր ընկերության հետ բանակցում են, որ Արցախի բոլոր գյուղերն ապահովվեն ինտերնետով: Արայիկ Հարությունյանը, միաժամանակ, նշել է, որ հունվարի 1-ից փոփոխություններ են սպասվում, սակագնի նվազեցում է լինելու:

«Էն ժամանակ գյուղացիներն ինձնից պեսոկ, ջուր էին պահանջում, իսկ այսօր՝ ինտերնետ, ասում են`արագ չի կապը»,- հավելել է նա:

Նշենք, որ բջջային կապն Արցախում բավական թանկ է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ղարաբաղ Տելեկոմը» միակ օպերատորն է եւ ինքն է թելադրում գինը: