Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող անդամները պետք է հասկանան, որ առաջին հերթին վնաս են հասցնում իրենց քաղաքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Բյուջեին, տնտեսությանը վերաբերող հարցերն այն պահը չեն, որ հաշիվներ մաքրեն: Ինչ է եղել, ինչ չի եղել... հատկապես, որ դա փակ գաղտնի քվեարկություն է եղել: Հիմա սա 1915 թիվը չի, որ դավաճաններին են փնտրում, ուր մնաց կուսակցական ներքին կարգապահությունը, ուր մնաց քվերակության ազատությունը, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Քաղաքական թիմերի ղեկավարներն էլ գիտեն` ովքեր են եղել, ովքեր ինչ են արել, թող իրենց խնդիրները լուծեն, բայց բոյկոտել ամբողջ հանրությանը վերաբերող նիստերը, չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ ընտրություններից հետո Վանաձորի ավագանին չի կարողանում նիստեր գումարել, քանի որ ընդդիմադիր դաշինքը որոշել է բոյկոտել դրանք այնքան ժամանակ, մինչեւ բացահայտվեն այն անդամները, որոնք խախտել են համաձայնագիրը եւ քվեարկել հակառակորդի օգտին:
Ըստ պատգամավորի, եթե առջեւում համապետական ընտրություններ չլինեին, այդ քաղաքական ուժերը չէին բոյկոտի նիստերը:
«Հանրապետական ավագանին որեւէ ճնշմամբ ձայն չի վերցրել, եթե ճնշմամբ վերցներ, ապա կասեր` անպայման մասնակցեն նիստին: Պարզ է, որ ճնշմամբ չի եղել դա: Ավագանին իր վստահությունը տվել է Մամիկոն Ասլանյանին եւ համարել, որ նա է ի վիճակի լուծել քաղաքի խնդիրները, պետք չի այս գործողություններով Վանաձորի հասարակությանը բաժանել մի քանի մասերի»,- ասել է Սահակյանը:




























