Թալիշի վերաբերյալ մենք որեւէ հատուկ ստիպողական քայլ չենք անելու: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Թալիշ գյուղի վերաբնակեցման խնդրին:
«Գիտեք արդեն` մենք Ալաշան տեղամասում հնարավորություններ ենք ստեղծել, առաջիկայում եւս 20 արագ հավաքվող բնակարան ենք բերելու, որ ովքեր ցանկանան, այնտեղ ժամանակավոր բնակություն հաստատեն: Իսկ Թալիշ տեղափոխելու հարցը… պետք է ստեղծենք պայմաններ, անվտանգության երաշխիք, այնուհետեւ քայլ առ քայլ կատարենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Թե ինչպես պետք է դա իրականացնել, վարչապետն ինքն էլ չգիտի. «Ձեւը ես չգիտեմ, եթե դուք գիտեք, ասեք»:
Հիշեցնենք, որ թալիշցիները գյուղից հեռացել են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը: Մի քանի ամիս տարբեր բնակավայրերում ապրելուց հետո միայն Արցախի իշխանությունները հուլիսի 25-ից Ալաշանում սկսել է թալիշցիների բնակեցման գործընթացը:




























