ԱՄՆ-ում ոստիկանները հայտնաբերել են 3 նոթբուքները, որոնք գողացել էին ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբի աշխատակիցներից:

NBC10-ը հայտնում է, որ ենթադրյալ իրավախախտը ձերբակալվել է: Ենթադրաբար Քլինթոնի նախագահական արշավի մասին տեղեկություններ պարունակող համակարգիչները գողացել էին ուրբաթ: Ոստիկանությունից հայտնել են, որ Ֆիլադելֆիայի շրջաններից մեկում Քլինթոնի շտաբի աշխատակիցները գնացել էին ռեստորան ճաշելու, իսկ նոթբուքները թողել էին կայանած մեքենայի մեջ: Վերադառնալով՝ նրանք հայտնաբերել էին, որ մեքենայի ապակին կոտրել են, իսկ նոթբուքները՝ գողացել:

Իրավապահները քաղաքի տներից մեկում գտել էին գողոնը եւ ձերբակալել 27-ամյա մի տղամարդու: Հաղորդվում է, որ նա քրեական անցյալ է ունեցել: Իշխանությունները ենթադրում են, որ դա պատահական գողություն է եղել, տղամարդը տեղյակ չի եղել, որ իր զոհերը կապ ունեն Քլինթոնի հետ: