«Սասնա ծռեր» խմբի անդամ, ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը երեկ է տեսակցել նրան: NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը վիրահատության կարիք ունի, թեպետ բժիշկների խոսքով` դեռ վաղ է նրա ոտքը վիրահատելու համար: Արայիկ Պապիկյանի խոսքով` Հովհաննեսի աջ ոտքը գունատվում է, երբ ծանրաբեռնվածություն է լինում:
«Երբ ծանրաբեռնվածությունը շատ է ոտքի վրա, միանգամից գունատվում է: Օրինակ, երբ երկար ուղղահայաց դիրքով պահում է, միանգամից փոփոխվում է: Բայց բժիշկների խոսքով, դա նորմալ է եւ դեռ ժամանակը չէ նրա ոտքը վիրահատելու»,-ասաց նա:
Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալի տրամադրությունը բարձր է` չնայած առողջական խնդիրներին:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամ, ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի մյուս պաշտպան Հայարփի Սարգսյանը նշել էր, որ Հովհաննեսի վիճակը գնալով վատանում է, նրա աջ ոտքը զգալիորեն բարակել է եւ գունափոխվել: Ավելի ուշ ՄԻՊ-ը հերքել էր այս տեղեկությունը:




























