Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը 3 տարով արգելել է երկրի տարածք մուտք գործել ՌԴ քաղաքացի Քրիստինե Սարգսյանին, որը երգում է R&B, Soul ոճով եւ հանդես է գալիս KristinaSi բեմական կեղծանունով:

Սահմանային ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 6-ին «Բորիսոպոլ» միջազգային օդանավակայանում անձնագրային ստուգում անցնելիս սահմանապահները ստուգել են Մինսկ մեկնող Սարգսյանի կողմից հնարավոր իրավախախտումների մասին տեղեկությունները եւ պարզել, որ նման փաստեր կան:

«Այդ կապակցությամբ, Ուկրաինայի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 2042 հոդվածի համաձայն (Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներ ելումուտի կարգի խախտում), ՌԴ քաղաքացու նկատմամբ կազմել են արձանագրություն վարչական իրավախախտումների մասին եւ 3 տարով արգելել նրա մուտքը Ուկրաինա», - ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ՌԴ քաղաքացին հրաժարվել է ներկա գտնվել դատարանում, ինչի մասին համապատասխան դիմում է գրել, եւ առաջիկա չվերթով կլքի Ուկրաինան:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մուտքի արգելանք է սահմանել ռուսաստանցի մոտ 140 մշակութային գործիչների համար, որոնց անունները, սակայն, ԱԱԾ հրապարակած փաստաթղթում չկան, փոխանցում է Interfax-ը: