Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը արձագանքել է «Հայ կանանց ճակատի» պահանջին: Այսօր`նոյեմբերի 6-ին, հիվանդանոցի տնօրենը մոտեցել է ակցիա իրականացնող կանանց եւ նրանց մասնագիտորեն մանրամասներ է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ, ոտքից վիրավոր Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին:
«Հայ կանանց ճակատի» համակարգող Սյուզան Սիմոնյանը նրան տեղեկացրել է, որ Նիդերլանդներում բնակվող հայ բժիշկ կա, որը Հովհաննեսի ոտքը վիրահատության միջոցով կարող է բուժել, Միքայել Մանուկյանը նշել է, որ պատրաստ է Հովհաննեսի առողջական վիճակի հարցը քննարկել հոլանդցի բժշկի հետ: Միքայել Մանուկյանը նշել է, որ Հովհաննեսի Հարությունյանի անդամահատումը բացառվում է, նա խոստացել է կատարել «Հայ կանանց ճակատի» պահանջը եւ Հովհաննես Հարությունյանի ոտքի լուսանկարը ներկայացնել ակցիայի մասնակիցներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր` նոյեմբերի 6-ին, «Հայ կանանց ճակատն», ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի, ակցիա է իրականացրել:
NEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամ, ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի փաստաբանը նշել էր, որ Հովհաննեսի վիճակը գնալով վատանում է, նրա աջ ոտքը զգալիորեն բարակել է եւ սեւացել է: Ավելի ուշ ՄԻՊ-ը հերքել էր այս տեղեկությունը:




























