Նիկարագուայի գործող նախագահ, Ազգային հեղափոխության սանդինիստների ճակատի թեկնածու Դանիել Օրտեգան հաղթում է պետության ղեկավարի ընտրություններում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Բարձրագույն ընտրական խորհրդի տվյալներով՝ ընտրատեղամասերի 21.3%-ի քվեաթերթիկների հաշվարկների արդյունքում Օրտեգան 71.3% ձայն է ստացել:

Երկրորդ տեղում նրա մրցակից, քաղաքացիական պատերազմում սանդինիստներին դիմակայող Մաքսիմինո Ռոդրիգեսն է (16.4% ձայնով):

Նիկարագուայում համապետական ընտրություններն անցկացվել են կիրակի: Քաղաքացիները նախագահի, փոխնախագահի, Ազգային եւ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի պատգամավորների են ընտրել: Նախագահի պաշտոնին 6 թեկնածու է հավակնում:

Դանիել Օրտեգան Նիկարագուայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: Մինչ այդ, նա երկիրը ղեկավարել է նաեւ 1985-1990 թվականներին: