ԱՄՆ նախագահական ընտրություններում Հայաստանի համար նախընտրելի է Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանին ձեռնտու չէ ԱՄՆ Հանրապետական կուսակցության քաղաքականությունը: «Եթե հիշենք հանրապետական նախագահների կառավարման տարիները, ապա Ջորջ Բուշի պաշտոնավարման շրջանում Հայաստանին, ըստ էության, նշանակություն չէր տրվում: Կովկասում գոյություն ուներ Վրաստան-ԱՄՆ քաղաքական համագործակցությունը եւ ոչ ավելին: Այս ժամանակահատվածում Հայաստանն է՛լ ավելի խորասուզվեց «ռուսական ճահճի» մեջ», նշեց Ստեփան Սաֆարյանը՝ շարունակելով, որ հակառակը՝ Բարաք Օբաման եւ դեմոկրատները բացեցին Հայաստանի «հարավային դարպասները»:

«Օբաման ընդգծեց Հայաստանի դերը, ԱՄՆ պետքարտուղարը երկու անգամ Հայաստան այցելեց: Այս ենթատեքստում Հայաստանին լուրջ նշանակություն տրվեց Իրանի եւ Եվրոպայի հաղորդակցության հարցում: Հաշվի առնելով այսպիսի տարբեր բեւեռները՝ երբ հանրապետականները Վրաստանից եւ Թուրքիայի բացի, ոչինչ չեն տեսնում, իսկ մյուս կողմից՝ դեմոկրատների եւ Օբամայի քաղաքականությունը Հայաստանին ավելի մեծ համայնապատկեր է ապահովում, կարծում եմ, որ մեզ համար, իհարկե, դեմոկրատների հաղթանակն է ցանկալի»,- ընդգծեց Սաֆարյանը՝ շարունակելով, որ, իհարկե, մենք հիասթափվել ենք Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից այն պատճառով, որ «ցեղասպանություն» բառը չեն արտասանել: «Դա վերաբերում է եւ՛ Օբամային, եւ՛ Քլինթոնին: Այդուհանդերձ, մենք պետք է գիտակցենք, որ նրանք Հայաստանին ավելի մեծ նշանակություն են տվել»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Անդրադառնալով Օբամայի նախագահության շրջանում Ռուսաստան- Արեւմուտք դիմակայության աճին՝ քաղաքագետը նշեց, որ դա նույնպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վարած քաղաքականության հետեւանքն է: «Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության ֆոնին Հայաստանի խնդիրներն, իհարկե, ավելանում են, մյուս կողմից՝ Հայաստանի համար նաեւ հնարավորություններ են բացվում՝ գործառույթների եւ պահանջվածության տեսակետից Հայաստանի կշիռը մեծանում է: Ես վստահ եմ, որ Քլինթոնի ընտրվելուց հետո, անկախ որեւէ բանից, Ռուսաստանի հանդեպ նրա քաղաքականությունն այդքան խիստ չի լինի, որքան նախընտրական արշավի ընթացքում նրա հռետորաբանությունն էր»,- կարծում է Ստեփան Սաֆարյանը:

«Թվում է, թե Ռուսաստանի հետ դիմակայությունը երրորդ համաշխարհային պատերազմի կհանգեցնի, բայց ես համոզված եմ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Այս տեսակետից նախագահի ընտրությունից հետո երկխոսությունը չի զոհաբերվի դիմակայությանը: Հետեւաբար՝ կարծում եմ, որ Հայաստանին ձեռնտու է Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակը»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը: