Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը հնարավոր է համարում Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը ընդդիմության եւ լրագրողների նկատմամբ նախագահ Էրդողանի վարած քաղաքականության պատճառով:

Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի արտահանման 50 տոկոսը գնում է ԵՄ երկրներ, իսկ Թուրքիայում ներդրումների 60 տոկոսը գալիս է ԵՄ-ից: «Դա անսահմանափակ ճնշման հնարավորություն է, եւ ինչ-որ պահի մենք չենք հրաժարվի ճնշման այդ միջոցներից»,- ասել է Ասսելբորնը Deutschlandfunk-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայում ձերբակալվել էին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորները, որոնց թվում՝ համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեդաղը: Ավելի ուշ 8 պատգամավորները կալանավորվել էին:

Ասսելբորնը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայում իրավիճակը: Նախարարի խոսքով՝ էրդողանն իր քաղաքականությամբ անտեսել է օրենքի գերակայությունը, ինչը պատիվ չի բերում պետությանը, որն ուզում է ԵՄ անդամ դառնալ: