Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի եւ Արամազդ Կիվիրյանի հայցը վերաբերում է 2013թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ վրան տեղադրելու գործին, երբ Արգիշտի Կիվիրյանը վարչական պատասխանատվության էր ենթարկվել:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստների հետ Արգիշտի Կիվիրյանը փորձել էր տեղադրել վրան, ոստիկանները թույլ չէին տվել, ապա մոտեցել էին Կիվիրյանին և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Կիվիրյանի դեմ գործ էր հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։ Կիվիրյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել, քանի որ այդ օրը ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել:
Վարչական դատարանը ոստիկանության հայցը բավարարել էր, Արգիշտի Կիվիրյանը տուգանվել էր 50 հազար դրամով:




























