Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդակցություն: Այդ նպատակով Ստեփանակերտ էր մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով աշխատանքային քննարկումներ է ունեցել Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ:

Խորհրդակցությունների օրակարգում էին երկու գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության հետագա զարգացման եւ ընդլայնման հարցերը, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում եվրոպական ուղղությամբ տարվող աշխատանքի համակարգումը:

Նոյեմբերի 5-ին Կարեն Նազարյանին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականության բնագավառում փոխգործակցության հարցերն ու ամփոփվել կայացած խորհրդակցությունների արդյունքները: Արցախի նախագահը կարեւորել է Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ պարբերական խորհրդակցությունների, աշխատանքային այցերի ու հանդիպումների անցկացումը: