Թուրքիայի իշխանությունները մինչեւ 2023 թ․ մտադիր են շահագործման հանձնել «Ակույու» ԱԷԿ-ը, որը ՌԴ նախագծով կառուցվում է Մերսին նահանգում, հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Շարունակվում են աշխատանքները նաեւ Սինոպ նահանգում ճապոնական նախագծով կառուցվող ԱԷԿ-ի մասով։ Սկվել ենք նախապատրաստվել երրորդ ԱԷԿ-ի կառուցմանը», -հայտնել է Էրդողանը Անկարայում ՋԷԿ-ը շահագործման հանձնելու արարողության ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է հրաժարվել ածխի ներկրումից ու պետք է սեփական ռեսուրսներն օգտագործի։ Թուրքիան մտադիր է մտնել Եվրոպայի էներգամատակարարման շուկայի առաջատարների եռյակ, նշել է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդի խոսքով, ածուխն ու վառելիքը, որի գործածումը քննադատում են շրջակա միջավայրի պաշտպանները,իրականում ակտիվ գործածվում է Արեւմուտքի էներգետիկ ոլորտում։ «Իսկ երբ Թուրքիան է սկսում քննարկել ածուխով աշխատող ՋԷԿ-ի կամ ԱԷԿ-ի շինարարությունը, որոշ ուժեր փորձում են դիմակայել դրան»։




























