Շվեդ դատախազները հայտնել են, որ նոյեմբերի 14-ին հնարավորություն կստանան հարցաքննել WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հայտնում է BBC–ն։

«Էկվադորը բավարարել է Շվեդիայի հարցումը ՝ քրեական հետաքննության հարցում իրավական օգնություն ցուցաբերելու մասին, հարցաքննությունը վարելու է էկվադորցի դատախազը»,- ասվում է Շվեդիայի դատախազության հայտարարության մեջ։ Հարցաքննությանը ներկա կլինեն նաեւ շվեդական դատախազության ներկայացուցիչն ու քննիչը։ Ըստ գերատեսչության հայտարարության՝ եթե Ասանժը համաձայնի՝ նրանից կվերցնեն ԴՆԹ նմուշներ։

Այն մասին, որ Շվեդիան ու Էվադորը պայմանավորվել են հարցաքննել Ասանժին, հայտի է դարձել դեռ օգոստոսին, սակայն ճշգրիտ օրը միայն հիմա են հայտարարել։

Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012-ից։ Նա քաղաքական ապաստան է խնդրել, փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնվելու սպառնալիքից։ Նա վախենում է որ Շվեդիան էլ իր հերթին իրեն կարտահանձնի ԱՄՆ-ին, որը դժգոհ է WikiLeaks–ի հրապարակումներից։

Շվեդիայում Ասանժին կասկածում են 2010-ին WikiLeaks-ի երկու կին կամավորականների նկատմամբ  բռնաբարության ու սեռական ոտնձգությունների մեջ, սակայն այդ կանայք պաշտոնական հայց չեն ներկայացրել։