Առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին, այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող՝ «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, նշանակվել է մագնիսառեզոնանսային շերտագրում, որը կիրականացվի վաղն իսկ: Մագնիսառեզոնանսային շերտագրման արդյունքների հիման վրա կգումարվի կոնսիլիում, և կընտրվի բուժման մոտեցումը:

Նշենք, որ այսօր «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնության անդամներն Առողջապահության նախարարությունում հանդիպել են փոխնախարար Վահան Պողոսյանի հետ, որը նախարարի անունից հայտարարել էր, որ բժիշկների խումբ է ձեւավորվելու, որը վաղվանից կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» եւ կհետազոտի Հովհաննես Հարությունյանին:

Հիշեցնենք, որ ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, նրան շտապ վիրահատություն է պետք, քանի որ ոտքը սկսել է սեւանալ, բարակել, իսկ նա էլ ցավերին չի դիմանում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հակառակն է պնդում: