Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 2-3-ին զանգվածային ոչնչացման զենքերի (ԶՈԶ) տարածումը կանխելու հարցում ֆինանսական հաստատությունների դերակատարման վերաբերյալ իրազեկության մեծացման նպատակով կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ պետական պաշտոնյաներ, հայկական բանկերի ներկայացուցիչներ եւ ԱՄՆ կառավարության փորձագետներ:

Աշխատաժողովի ընթացքում հայկական բանկերի 39 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան ԱՄՆ պետքարտուղարության, գանձապետական եւ արդարադատության դեպարտամենտների, ինչպես նաեւ ՀԴԲ-ի ներկայացուցիչների հետ քննության առնել ընդհանուր մարտահրավերները: Մասնակիցները ծանոթացան այն մոտեցումներին, որոնք թույլ չեն տալիս պատժամիջոցների ենթարկված երկրներին, ֆինանսական համակարգում առկա սողանցքներից օգտվելով, շրջանցել պատժամիջոցները: Քննարկվեցին ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, միջգերատեսչական մեխանիզմների ձեւավորման եւ ԶՈԶ տարածմանն ուղղված ֆինանսական հոսքերը կանխելու նպատակով իրավապահ ջանքերի համակարգման հարցերը:

Մասնակիցների համար հստակ դարձավ, որ իրազեկումը մեծ կարեւորություն ունի զենքերի տարածմանն ուղղված ֆինանսավորումը կանխելու հարցում: «Այս աշխատաժողովը բանիմաց ու փորձառու պաշտոնյաներին հնարավորություն տվեց կատարելագործել իրենց գիտելիքներն ու կարողություններն անօրինական ֆինանսական գործառնությունները կանխելու ու բացահայտելու ոլորտում, որտեղ ազգային մակարդակի իրավասու կառույցները մեծ դերակատարում ունեն», - ասաց ՀԴԲ իրավական կցորդի տեղակալ Ջեյսոն Ռեյը:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության եւ սահմանների անվտանգության (EXBS) ծրագրի կողմից,  որի շրջանակում տարածաշրջանային ու բազմակողմ մոտեցումների միջոցով օժանդակություն է ցուցաբերվում արտահանման վերահսկողության ազգային համակարգերը միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցման հարցում: ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող այս ծրագիրը գործում է ավելի քան 65 երկրներում եւ նպատակ ունի իրավակարգավորիչ խորհրդատվության, լիցենզավորող պաշտոնյաների ուսուցումների, բացահայտող սարքավորումների ապահովման եւ արտադրողների ու կառավարության միջեւ կապի ապահովմամբ հզորացնել տվյալ երկրի արտահանման վերահսկողության համակարգը: Արտահանման վերահսկողության ավելի լավ համակարգերն օգնում են զանգվածային ոչնչացման զենքերի, դրանց փոխադրման համակարգերի, սովորական սպառազինությունների եւ հարակից նյութերի տարածման դեմ պայքարում: