Վանաձորում, եթե մեծամասնություն չունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, չի կարող ունենալ նաեւ քաղաքապետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանիում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը:

«Նիստ են գումարում եւ չեն կարողանում ապահովել մեծամասնություն, նշանակում է, որ դա միանգամյա գործարքի արդյունք է եղել եւ հետագայի հետ կապված որեւէ պայմանավորվածություն, կամ մարդականց դիրքորոշման փոփոխություն  տեղի չի ունեցել: Եթե մարդիկ դիրքորոշում փոխած լինեին դեպի ՀՀԿ-ն, որեւէ բան չէր խանգարի նրանց գնալ մասնակցել նիստերին, ապահովել քվորում: Բայց, եթե տեղի չի ունենում, նշանակում է ինչ-որ բան այն չի:  Նիստերը բոյկոտելու մեր նպատակը այն 4 հոգուն բացահայտելն էր, որ հասկանանք՝  հետագայում ավագանու  ինչ կազմով ենք աշխատելու եւ ժողովդրի կողմից եւս այդ պահանջարկը կար՝ հասկանալ, թե  իրենց տված ձայներն ու՞ր են գնացել եւ ու՞մ միջոցով: Այդ իրողությունը գիտակցելով, տրամաբանական կլիներ, որ նիստ նշանակվեր միայն մի օրակարգով՝ դրվեր Մամիկոն Ասլանյանի հրաժարականի հարցը: Այդ պարագայում կարծում եմ քվորում կապահովվեր եւ կլիներ նիստ»,-ասաց նա:

Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի ՝ կառավարությունը կարող է կրճատել Վանաձորի ավագանու անդամների լիազորությունը, եթե հերթական նստաշրջանի ընթացքում երեք ամսից ավելի ավագանու նիստեր չգումարվեն: Քրիստ Մարուքյանը, սակայն, նշում է, որ չի կարծում, որ բանը դրան կհասնի, բայց եթե ավագանու նոր ընտրություններ նշանակվեն, ապա բոլորովին այլ պատկեր կլինի. «Եթե նոր ընտրություններ նշանակվեն, ուրեմն նոր ընտրությունների միջոցով բոլորովին այլ պատկեր կարող է ստեղծվել, այնպես որ այնպես չէ, որ նոր ընտրություններից սարսափում ենք: Մենք նման նպատակ չունենք, չեմ կարծում, որ դրան բանը կհասնի, բայց օրենքը կարգավորում է նաեւ այդ մասը, որ, եթե եռամսյա ժամկետում  նիստեր տեղի չունենան, կհանգեցնի դա դրան»:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի քաղաքապետի ընտրությանը քվեարկել էր Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած քաղաքապետը կարողացավ հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին:

Նշենք,  քաղաքապետը ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում լիարժեք աշխատել այս պաշտոնում. ընդդիմադիրները բոյկոտում են ավագանու նիստը: