Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի նոր շենքի շինարարությունը դասադուլ արած աշակերտներին խոստացված՝ 10-օրյա ժամկետում չի ավարտվել: Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ աշակերտները, հավանաբար, նոր դպրոց կտեղափոխվեն հաջորդ շաբաթ:
«Դպրոցի նոր շենքի վերանորոգումն արդեն ավարտվել է, այս պահին բարեկարգման աշխատանքներ են ընթանում, շատ քիչ բան ա մնացել, որ ավարտեն: Հավանաբար, մինչեւ հաջորդ շաբաթ կտեղափոխվենք նոր շենք»,- ասաց տնօրենը:
Ավետիք Ավտիսյանի խոսքով՝ դպրոցի նոր շենքն ունի նոր գույքի կարիք եւ այդ հարցով արդեն դիմել են Արագածոտնի մարզպետարան: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը խոստացել է օգնել այդ հարցում:
Հին շենքի վատ պայմաններից եւ նոր շենքի շինարարության ձգձգումից բողոքող աշակերտները, դասի են գնում դպրոցի հին շենքում, որը, դպրոցի տնօրենի խոսքով՝ ջեռուցվում է:
Հիշեցնենք, որ աշակերտները սեպտեմբերի 27-ին դասադուլ արեցին, նրանց խոստացան, որ նոր շենքը մինչեւ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի: Երեխաները բողոքում էին, որ ցուրտ դասասենյակներում դաս անել չեն կարողանում:
Լուսանկարը՝ Hetq.am-ի:




























