Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը ժխտում է, որ Աղձք գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Միքայելյանն իր սանիկն է: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 8-ին, մարզպետն ասաց, որ որեւիցե կապ չունի տնօրենի պաշտոնակատարի հետ եւ որեիցե դերակատարում չունի նրա նշանակման հարցում. «Ես բացարձակապես որեւիցե կապ չունեմ տնօրենի պաշտոնակատարի հետ, ոչ էլ առնչություն նրա նշանակման հետ»:
Աղձքի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ մարզպետը դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Փարպի գյուղում բնակվող իր սանիկին, որը դաշնակցական է: Գյուղացիները բողոքի ակցիա են սկսել, իսկ աշխակերտները՝ նոյեմբերի 7-ից դասադուլ, նրանք պահանջում են, որ դպրոցի տնօրեն նշանակվի նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանը:
Նշենք, որ դասադուլ հայտարարած դպրոցականներին եւ նրանց ծնողներին այսօր հանդիպել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ գյուղապետ Արթուր Ավետիսյանը՝ հորդորելով չդիմել ծայրահեղ քայլերի:




























