ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Շախմատի ակադեմիայում մասնակցել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի Երեւան քաղաքի համայնքային փուլի բացմանը: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին՝ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ դպրոցական օլիմպիադան մեծ ճանապարհի սկիզբ է, այստեղ հաղթական լավագույն արդյունքներ ցուցաբերածները կարող են ապագայում միջազգային օլիմպիականներ դառնալ. «Եթե հաջողեք, եթե հասնեք հաղթանակների, այս օլիմպիադան ձեզանից որոշների համար կդառնա հաջողությունների առաջին կարեւոր քայլը»,- դիմելով դպրոցականներին նշել է նախարարը՝ ընդգծելով, որ օլիմպիադայի բուն նպատակը մասսայական սպորտի զարգացումն է: Նախարարի խոսքով՝ երկիրը չի կարող օլիմպիական լավ ռեզերվ ունենալ, եթե չունի մասսայական սպորտ:
«Շախմատը ոչ միայն զուտ սպորտ է, այլ նաեւ կամք, դաստիարակություն, գիտելիք, համբերություն: Այս ձեւաչափով իրենց հմտությունները փորձող երեխաները միաժամանակ դաստիարկվում են իբրեւ լավ քաղաքացիներ» իր խոսքում նշել է Լեւոն Մկրտչյանը՝ շեշտելով, որ տարիների հետեւողական աշխատանքի շնորհիվ մեր կրթական համակարգում ներմուծվել է «Շախմատ» առարկան, որը ոչ միայն նոր կրթաձեւ է, այլ նաեւ միջազգային բրենդ: Լեւոն Մկրտչյանը շախմատի ուսուցումը հանրակթարկան ծրագրերում ներմուծելու համար շնորհակալություն է հայտնել Շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին՝ ընդգծելով, որ աշխարհի շատ երկրներ միանշանակ ընդունում են Հայաստանի առաջատարությունն ու հեղինակությունը շախմատի ասպարեզում. «Իբրեւ կրթության եւ գիտության նախարար շատ եմ կարեւորում «Շախմատ» առարկայի ուսուցումը դպրոցում, քանի որ այս առարկան, իմ խորին համոզմամբ, ունի նաեւ դաստիարակչական շատ մեծ բաղադրիչ. ձեւավորում է դիմացինին հարգելու, նրա ներուժը գնահատելու կարողություն, զարգացնում է հիշողությունը եւ տրամաբանությունը: Որպես կանոն շախմատով զբաղվող երեխաները դրական արդյունքներ են ցուցաբերում նաեւ բնագիտական առարկաների մեջ: Այսինքն՝ սա այն առարկան է, որը դրական ազդեցություն է ունենում ողջ առարկայացանկի վրա»,- նշել է Լեւոն Մկրտչյանը:
Նշենք, որ Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցաշարերին մասնակցում են մինչեւ 14 տարեկան դպրոցականները: Շախմատի օլիմպիադան անցկացվում է չորս փուլերով, թիմային հաշվարկով (թիմը բաղկացած է 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ): Շախմատի դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են արդեն 11 տարի շարունակ, այս տարվա օլիմպիադայի երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում է շուրջ 15 հազար երեխա. Առաջին՝ ներդպրոցական փուլում ձեւավորվում են դպրոցների հավաքական թիմերը, որոնք մասնակցում են երկրորդ՝ համայնքային (տարածաշրջանային) մրցումներին:
Երկրորդ փուլում անցկացվում է մեկ ընդհանուր թիմային մրցաշար, յուրաքանչյուր համայնքի հաղթող թիմը դուրս է գալիս երրորդ` մարզային փուլ: Հանրապետության շախմատի դպրոցական թիմերի երկրորդ փուլի մրցումներն անցկացվում են 2016թ. հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում:
Սույն թվականի նոյեմբերի 8-17-ը անցկացվում է Երեւան քաղաքի համայնքային փուլը՝ ըստ վարչական շրջանների:
Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով: Խաղացողին տրվում է 10 րոպե մինչեւ խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Անցկացվում է թիմային մրցաշար՝ շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով (հաղթանակը գնահատվում է 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր):
Շախմատի օլիմպիադայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթական ստորաբաժանումների աջակցությամբ:
Շախմատի օլիմպիադայի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):




























