Ֆիլիպինների Գերագույն դատարանը թույլատրել է երկրի նախկին նախագահ բռնապետ Ֆերդինանդ Մարկոսին թաղել ազգային հերոսների գերեզմանատանը, հայտնում է CNN Philippines-ը:
Համապատասխան կարգադրությունն ավելի վաղ տվել էր Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն: Դատական նիստի ժամանակ 9 դատավոր կողմ են քվեարկել, 5-ը՝ դեմ, եւս մեկը ձեռնպահ է մնացել: Դատարանը նաեւ մերժել է այդ կարգադրության դեմ բոլոր խնդրագրերը:
Նախկին նախագահի որդին՝ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը, դատարանին եւ երկրի նախագահին երախտագիտություն է հայտնել ընտանիքի անունից: Նախկին բռնապետի վերահուղարկավորման մասին որոշումը կայացվում էր 25 տարի:
Ֆերդինանդ Մարկոսը Ֆիլիպինների նախագահն է եղել 1965-1986թթ.: 1986-ի հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ փախել էր Հավայան կղզիներ, որտեղ եւ 3 տարի անց մահացել էր:




























