ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը:

Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների եւ ոլորտի այլ մասնագետների, Երեւանի քաղաքապետի, Առողջապահության նախարարի, ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի ու մի շարք այլ հյուրերի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը եւ տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց են կատարել Հայաստանում արյան հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ զբաղվող ոլորտի միակ մասնագիտացված առաջատար բժշկական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին եւ կենտրոնի ընթացիկ գործունեության ու հետագա ծրագրերի շուրջ զրուցել հաստատության տնօրինության եւ բուժանձնակազմի հետ:

Կենտրոնի պատասխանատուները ներկայացրել են, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք եւ ցողունային բջիջների լաբորատորիա: Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի եւ դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Նորաբաց բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի մատուցել ժամանակակից, որակյալ եւ հասանելի բժշկական ծառայություններ: Հաստատությունը հագեցվել է անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են իրենց նշանակությամբ եւ միակն են հանրապետությունում։

Ներդրված ավտոմատացված համակարգերի շնորհիվ զգալիորեն կընդլայնվի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Մրցունակ գնային քաղաքականության իրականացման պայմաններում կենտրոնի բարձրակարգ ծառայություններից կարող են օգտվել նաեւ արտերկրից ժամանած հիվանդները:

Հանրապետության նախագահն այսօր ներկա է գտնվել նաեւ հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, որին մասնակցել են հանրապետության մշակույթի ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետը, Մշակույթի նախարարը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը եւ այլ հյուրեր:

Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:

Հանրապետության նախագահին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը եւ ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին: Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական եւ կրթական ծրագրերի իրականացման համար: