Արագածոտնի մարզի Աղձք համայնքում աշակերտները վաղվանից կգնան դպրոց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղձքի գյուղապետ Արթուր Ավետիսյանը:

«Մարզպետը եկել էր մեր գյուղ, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ վաղվանից դպրոցն աշխատի, աշակերտները գնան դասի:  Մրազպետն իմ, նախկին տնօրենի եւ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի հետ հանդիպեց, քննարկվեց խնդիրը, պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ դասերը նորմալ հունով ընթանան, մինչեւ մեկ ամիս անց տնօրենի քննությունները կայանան եւ տեսնենք՝ ով է նշանակվում տնօրեն»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ գյուղացիներն ուզում են, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակվի Աղձք համայնքի բնակիչ, սակայն, գյուղապետի խոսքով, գյուղում, բացի նախկին տնօրենից, որեւիցե մեկը հավաստագիր չունի. «Բոլորն ուզում են, որ տնօրենը լինի մեր գյուղից, ոչ թե այլ տեղից, բայց, ցավոք, մեր գյուղում, բացի նախկին տնօրենից, չկա հավաստագիր ունեցող որեւէ մեկը»:

Նշենք, որ Աղձքի աշակերտները նոյեմբերի 7-ից դասադուլ են անում՝ բողոքելով դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ: Գյուղացիները պնդում են, որ Արագածոտնի մարզպետը դպրոցի տնօրեն է նշանակել Փարպի գյուղի բնակիչ, իր դաշնակ սանիկին, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ինքը որեւէ կապ չունի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: