ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաճախ է բացասաբար արտահայտվում անլեգալ միգրանտների մասին ու խոստանում է խստորեն պայքարել նրանց դեմ՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում։ Բայց դա առանձնապես ուշագրավ է այն համատեքստում, որ «Թրամփն ինքը անլեգալ միգրանտի ժառանգներից է», գրում է գերմանական Focus ամսագիրը։
Եվ այսպես Ֆրիդրիխ Թրումփը, Դոնալդ Թրամփի պապը, Պֆալցի պատմության ինստիտուտից գիտնական Ռոնալդ Պաուլի տեղեկություններով, ծնվել է 1869 թ․ այն ժամանակվա Բավարիայի թագավորության Կալշտադտ քաղաքում խաղողագործների հասարակ ընտանիքում։ Ֆրիդրիխը վեց զավակներից մեկն էր։ Ինչպես Պֆալցի շատ բնակիչներ՝ Թրումփն ուզում էր մեկնել ԱՄՆ՝ ավելի լավ կյանք որոնելու։ Բայց ըստ Պաուլի «Դոնալդ Թրամփի պապն այն ժամանակ չէր կարողացել իշխանություններից արտագաղթելու թույլատվություն ստանալ քանի որ զորակոչի տարիքում էր եւ պետք է նախ երկու տարի ծառայեր»։ «Բայց նա ըստ երեւույթին նման ցանկություն չուներ ու Ամերիկա է մեկնել առանց թույլատվության»,- պատմել է Պաուլը։
«Անսահմանափակ հնարավորությունների երկրում» Թրումփը ՝ արդեն Ֆրեդերիկ Թրամփ անունով, Վաշինգթոն նահանգի ոսկի արդյունահանողների քաղաքում բացել է պանդոկ։ Չնայած նրա բիզնեսը ծաղկում էր, նա հետագայում Կանադա է մեկնել, որտեղ նույնպես բնակություն է հաստատել ոսկի արդյունահանողների քաղաքում ու բացել նույնապիպ հաստատություն, որն ունեցել է նաեւ հյուրանոցի գործառույթ։ «Կա թերթի հոդված, որից հետեւում է, որ այդ հաստատությունն իրականում անառականոց է եղել»,- ասել է Պաուլը։ Ի վերջո սեքսուալ ծառայությունների հետ կապված՝ Թրամփի բիզնեսը սկսել է եկամուտ բերել ու հարստացրել է նրան։ Ավելի ուշ Ֆրեդերիկ Թրամփը վերադարձել է Կալշտադտ, բայց տեղի իշխանությունները նրան մերժել են ու Բավարիայի քաղաքացիություն չեն տվել նախկին իրավախախտումների պատճառով, իսկ 1905-ին նա արտաքսվել է հետ Ամերիկա, հավելել է Focus-ը։
Հետագայում Գերմանիա ուղեւորության ժամանակ «հասարակաց տան սեփականատեր» Թրամփը գտել է իր ապագա կնոջը, նրան Նյու Յորք տարել ու աստիճանաբար հեռացել հին բիզնեսից, ասվում է հոդվածում։ Դոնալդ Թրամփն ինքը երկար ժամանակ հերքում էր իր գերմանական ծագումը, հավաստիացնելով, որ իր նախնիները ավելի շուտ Շվեդիայից են եկել ԱՄՆ։ Ըստ երեւույթին նրա տատիկը, որը մահացել է ընդամենը 40 տարի առաջ, ազատ տիրապետում էր գերմաներենին, նկատել է Պաուլը։



























