«Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող՝ «Ակա» մականվամբ Արկադի Փելեշյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին եւ լրացուցիչ ցուցմունքում նշել, որ զղջում է կատարած արարքի համար, հաշտվել է Ռաֆայել Գրիգորյանի հետ եւ խնդրում է տուժողի հետ հաշտության հիմքով քրեական գործով վարույթը կարճել եւ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2016 թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմանում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեաների» եկեղեցի կրոնական կազմակերպության մասնաշենքում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած  ՏԻՄ ընտրությունների ժամանակ  իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար վիճաբանել է կրոնական կազմակերպության հոգեւոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` այդպիսով ծեծի ենթարկելով նրան։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի թիվ 0635 եզրակացության համաձայն՝ տուժողի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արկադի Փելեշյանին 2016 թվականի հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում տուժող Ռաֆայել Գրիգորյանը դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ տվել լրացուցիչ ցուցմունք առ այն, որ իրեն ծեծելու համար Արկադի Փելեշյանի նկատմամբ բողոք, պահանջ չունի, հաշտվել է նրա հետ եւ չի ցանկանում, որ վերջինը ենթարկվի քրեական պատասխանատվության:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա եւ մեղադրյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Վերոշարադրյալից ելնելով եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներով՝ քննիչը որոշում է կայացրել սույն քրեական գործով վարույթը կարճել եւ Արկադի Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողի եւ մեղադրյալի հաշտության հիմքով։