Ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան, որը քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի կողքին է եղել նրա սպանության պահին, արդեն երկրորդ անգամ չի ներկայացել դատարան, որտեղ նրան պետք է հարցաքննեին որպես ականատես, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի դահլիճից։

Նեմցովը, որին սպանել են Մոսկվայի կենտրոնում 2015-ի փետրվարի 28-ի գիշերը, 1990-ականներին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել ՌԴ կառավարությունում, իսկ 2000-ականներին անցել էր ընդդիմության շարքերը։

Այս գործով մեղադրվողներն են Զուուր Դադաեւը, Խամզաթ Բախաեւը, որը քննության վարկածով հանցակիցներին տեղեկություններ է հաղորդել ու պետք է թաքցներ նրանց հանցագործությունից հետո, Թեմիրլան Էսկերխանովը, որին մեղադրում են Նեմցովին հետեւելու մեջ, նաեւ Անզոր ու Շադիդ Գուբաշեւ եղբայրները։

Նաեւ առանձին վարույթով շարունակվում է հետաքննությունը սպանության ենթադրյալ պատվիրատու ու կազմակերպիչ Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ, որը 2015-ի նոյեմբերից միջազգային հետախուզման մեջ է գտնվում, եւ այլ՝ դեռեւս չպարզված անձանց նկատմամբ։