«Երբ նախկինում Քլինթոնը արտաքին քաղաքականության հետ կապված որոշումներ էր ընդունում, նա հաճախ էր դիմում բանակի օգնությանը: Նրան բազե են համարում: Ըստ երեւույթին շուտով Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օբամայի արտաքին քաղաքականության վերջը կգա»,- նշված է Focus-ում հրապարակված հոդվածում:

«Ահա եւ ավարտին է մոտենում ԱՄՆ-ի ամենաանհավանական նախընտրական մրցարարշավը, որում հավանաբար ամեն ինչ կար՝ սեքս, հանցագործություններ եւ ռուս լրտեսներ: Միայն մեկ բան էր բացակայում՝ բովանդակությունը»,- նշել է հոդվածի հեղինակը՝ շարունակելով. «Քլինթոնն Օբամայից ագրեսիվ է, իսկ որոշ հարցերում՝ նաեւ Թրամփից: Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հնարավորության սահմաններում երկիրը դուրս բերել միջազգային հակամարտություններից»:

Քլինթոնին «բազե» է անվանում նաեւ Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի անդամ, ամերիկացի հայտնի քաղաքագետ Միկա Զենկոն: Նա 7 դեպք է ներկայացրել, երբ Քլինթոնը պետք է ընտրություն կատարեր խաղաղ եւ ռազմական լուծումների միջեւ, եւ նա ռազմական լուծումն է ընտրել: Դա վերաբերում է եւ՛ որպես իր ամուսնու՝ նախագահ Բիլ Քլինթոնի խորհրդականի գործունեությանը 1994 թվականին Հաիթիի ճգնաժամի ժամանակ, եւ՛ նախագահ Բուշի իրաքյան ռեզոնանսային արշավի օգտին նրա քվեարկությանը, երբ նա Նյու Յորքից ընտրված սենատոր էր, եւ՛ նրա որոշումներին որպես պետքարտուղար: Նա էական ավանդ է ունեցել Լիբիայի նախագահ Քադաֆիի բռնի տապալման գործում, ինչպես նաեւ Պակիստանում անօդաչուների կիրառմամբ պատերազմում: Նա մասնակցել է նաեւ Ուսամա բեն Լադենի ոչնչացման որոշման ընդունմանը, նշել է Զենկոն:

«Ինչ վերաբերում է Սիրիայի հակամարտությանը՝ այստեղ Քլինթոնը հանդես է գալիս ոչ թռիչքային գոտու սահմանման օգտին: Այս կապակցությամբ Թրամփն իրեն հատուկ ձեւերով նրան մեղադրում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու ձգտման մեջ: Որքան էլ դա ուռճացված հնչի, այս հարցում Թրամփը միակ քննադատողը չէ»,- հավաստիացնում է պարբերականը: «Ամերիկացի որոշ զինվորականներ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ոչ թռիչքային գոտու ստեղծումը համարում են Ասադի ռեժիմին գործնականում պատերազմի հայտարարում: Ռուսաստանի հետ առանց այն էլ ծայրահեղ լարված հարաբերություններն էլ ավելի կտուժեն»,- նշված է հոդվածում: «Իսկ ի՞նչ կլինի, եթե կողմերից մեկը նույնիսկ աննշան սխալ թույլ տա»,- խորհրդածում է ամերիկացի մի պաշտոնաթող գեներալ:

Եվրամիության, մասնավորապես Գերմանիայի համար, Քլինթոնը միանշանակ նախընտրելի ընտրություն է, շարունակել է հեղինակը. «Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը քիչ է մնում Թրամփին դնի ատելության գաղափարներ տարածող քարոզիչների հետ նույն շարքում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Թրամփի ելույթները կարող են «սրտխառնոց» առաջացնել»:

Թե ինչպես կկառուցվեն Քլինթոնի հարաբերություններն իր գործընկեր-տիկնանց հետ, որոնք ղեկավարում են արեւմտյան կառավարությունները (որոնց թվում են կանցլեր Անգելա Մերկելը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը), ժամանակը ցույց կտա: ԱՄՆ-ի նախընտրական արշավի ընթացքում Մերկելը մինչ օրս չեզոք դիրք է գրավել, պնդում է հեղինակը: