«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանությամբ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը եւ Մուշեղ Շուշանյանն այլեւս չեն զբաղվում, այս պահին Հովհաննեսի շահերի պաշտպանությամբ զբաղվում է միայն փաստաբան Հայարփի Սարգսյանը: NEWS.am-ի այս տեղեկությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, հաստատեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Ես միայն իմ մասով կարող եմ հաստատել, որ այլեւս չեմ զբաղվում Հովհաննեսի շահերի պաշտպանությամբ»,-ասաց փաստաբանը՝ առանց մանրամասներ ներկայացնելու:
Նշենք, որ Արայիկ Պապիկյանը սկզբնական շրջանում զբաղվում էր Հովհաննեսի շահերի պաշտպանությամբ, սակայն, տարաձայնություններ էին տեղի ունեցել, որի պատճառով Հովհաննես Հարությունյանը հրաժարվել էր Արայիկ Պապիկյանի պաշտպանությունից: Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանությամբ սկզբանական շրջանում զբաղվում էին փաստաբաններ Հայարփի Սարգսյանը, Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը եւ Արա Ղարագյոզյանը։
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:




























