790 տնտեսագետներ, այդ թվում Նոբելյան  մրցանակակիրներ, ստորագրել են մի նամակի տակ, որով ամերիկացիներին կոչ են անում չքվեարկել հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին, հայտնում է CNN–ը։

«Նրա հայտարարությունները վկայում են էկոնոմիկայի ոլորտում նրա անգրագիտության ու հեղինակավոր փորձագետների տեսակետները լսելու անկարողության մասին»,- ասվում է նամակում։ The Wall Street Journal-ը առաջինն է հայտնել նամակի մասին, որի տակ ստորագրել են պրոֆեսորները։

Ի սկզբանե ստորագրել էին 370 տնտեսագետներ, բայց հետո նրանց են միացել նաեւ ուրիշ փորձագետներ։ Ընդ որում ստորագրողները չեն աջակցում նաեւ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին, բայց խորհուրդ են տալիս Թրամփի փոխարեն «մեկ այլ թեկնածուի» օգտին քվեարկել։

Նրանք համարում են, որ Թրամփը մոլորության մեջ է գցում ամերիկացիներին առեւտրի, արտադրության, միգրացիայի ու պետական կառույցներին վերաբերող հարցերում։