ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դատի է տալիս Նեւադա նահանգի Կլարկ օկրուգում ընտրողների գրանցման բյուրոյին, որը անցած շաբաթ վաղաժամկետ քվեարկության ժամանակ նախատեսվածից երկու ժամ ուշ է փակվել, հայտնում է BBC–ն։
Ըստ Նեւադա նահանգի օրենքի, բոլոր ընտրողները, որոնք եկել են ընտրատեղամաս մինչեւ դրա փակումը, պետք է քվեարկելու հնարավորություն ունենան։ Հայցում նշվում է, որ բյուրոյի աշխատակիցները խախտել են օրենքը, քանի որ թույլատրել են մարդկանց քվեարկության համար հերթ կանգնել արդեն ընտրատեղամասի պաշտոնական փակումից հետո։
Կլարկ օկրուգում, որը ներառում է Լաս Վեգասի շրջակայքը, բազմաթիվ իսպանալեզու ամերիկացիներ են բնակվում։ Ավանդաբար ԱՄՆ-ի իսպանալեզու բնակիչները քվեարկում են Դեմոկրատական կուսակցության օգտին, ու Թրամփին այս ընտրապայքարում չի հաջողվել շահել նրանց աջակցությունը։



























