Ընտրությունների օրը ամերիկացիներին մատուցվում է հարցումների ու կանխատեսումների մի ամբողջ տեղատարափ այն մասին, թե ով է դառնալու նախագահ։ Ընդ որում որոշ ռեսուրսներ հպարտանում են իրենց գիտական մոտեցումով, իսկ մյուսներն էլ նվազ ավանդական մեթոդներն են նախընտրում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նեյթ Սիլվերը, Five Thirty Eight պորտալի հիմնադիրը, հռչակավոր է դարձել 2012-ի ընտրությունների ժամանակ, քանի որ նրան հաջողվել էր ճիշտ գուշակել բոլոր 50 նահանգներում ընտրությունների արդյունքները։ Այս անգամ կայքը վստահեցնում է, որ 71․4 տոկոս հավանականությամբ Հիլարի Քլինթոնն է հաղթելու։
Ամերիկյան համալսարանի պատմության պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը ճիշտ էր գուշակել 1984-ից հետո անցկացված բոլոր նախագահական ընտրությունների արդյունքները, Թրամփի հաղթանակն է առավել հավանական համարում։ Լիխթմանը դեռ սեպտեմբերին էր իր մշակած հարցաշարի պատասխանների հիման վրա հանգել այն եզրակացության, որ Թրամփն է հաղթելու։
Մարդկանցից բացի գուշակություններով են զբաղված նաեւ կենդանիները։ Չինաստանում այն կապիկը, որին անվանում են «մարգարեների թագավոր», Թրամփի հաղթանակն է կանխատեսել։
Հնդկաստանում Չանակյա 3-րդ անունով ձկնիկը նույնպես Թրամփին է հաղթանակ խոստանում։ Չանակյա 2-րդը կարողացել էր ճիշտ կանխատեսել Եվրոպայի 2016-ի ֆուտբոլի առաջնության արդյունքը։ Չնայած կենդանիների աշխարհում ոչ բոլորն են վստահ Թրամփի հաղթանակում։ Շոտլանդական Բուտս անունով այծը վերջերս իր ընտրությունն է արել՝ բազմիցս կծելով «Քլինթոն» գրությամբ ցուցանակը, գրում է Scotsman թերթը։



























