Ֆիլադելֆիայի շրջանային դատախազը հերքել է քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների մասին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի պնդումները։ Շրջանային դատախազ Ռ․ Սեթ Ուիլյամսը հայտնել է, որ ոչ մի հիմնավորված գանգատ իր գերատեսչությունը չի ստացել, փոխանցում է Politico–ն։

Նրա խոսքով մինչեւ կեսօր ստացվել էր 68 զանգ, որոնցից ոչ մեկը կապ չի ունեցել կեղծիքների կամ քվեարկության ընթացքում ընտրողներին վախեցնելու դեպքերի հետ։ «Ես փորձում եմ ներկայացնել իրականությունը։ Վախեցնելու, կեղծիքների մասին ոչ մի բողոք չկա։ Ոչ մի զոմբի-ապոկալիպիսիս տեղի չի ունենում»,- հայտնել է նա լրագրողներին։ Նա նաեւ նշել է, որ զանգերից 10-ը կապված են եղել քվեարկության համար սարքերի անսարքության հետ։

Ֆիլադելֆիայի ընտրական խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ անսարքությունների նման քանակը նորմալ է համարվում, ու արդեն 70 մասնագետ է ուղարկվել այդ խնդիրները շտկելու համար։ Նրա խոսքով մասնակցությունն ավելի շատ է, քան ակնկալվում էր, բայց ընտրատեղամասերում մարդիկ ստիպված չեն լինում շատ երկար հերթ կանգնել։