ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը գրեթե հավասար ձայներ են հավաքում երեք առանցքային նահանգներում՝ Միչիգան, Փենսիլվանիա եւ Նյու Հեմփշիր, որտեղ նախկինում ավանդաբար հաղթում էին դեմոկրատները:

Վերջին տվյալներով, Քլինթոնը Միչիգանում հավաքել է 47,1 տոկոս ձայն, իսկ Թրամփը՝ 47,8 տոկոս: Փենսիլվանիայում Քլինթոնն ու Թրամփն ունեն հավասար՝ 48,2 տոկոս ձայն, իսկ Նյու Հեմփշիրում Թրամփը 0,9 տոկոսով առաջ է անցել Քլինթոնից (47,9 տոկոս ընդդեմ 47 տոկոսի):

Միչիգանում հաղթանակը թեկնածուներին կտա 16 ընտրիչների ձայները, Փենսիլվանիայում՝ 20, Նյու Հեմփշիրում՝ 4:

Ընտրությունների պաշտոնական տվյալները տեղի ընտրական հանձնաժողովներից հավաքում եւ լրատվամիջոցներին է փոխանցում «Ասոշեյթեդ Փրես»-ը:

Նշենք, որ 1992 թվականից ի վեր Միչիգանն իր 16 ընտրիչներով միշտ աջակցել է դեմոկրատ թեկնածուներին: Նահանգն ունի 10 մլն բնակչություն:

Փենսիլվանիան իր 20 ընտրիչներով առանցքային դեր ունի նախագահական ընտրություններում: Թրամփին անհրաժեշտ էր հաղթել Փենսիլվանիայում, մինչդեռ Քլինթոնը կարող է հաղթել նաեւ առանց այդ նահանգի: Այս նահանգում եւս 1992 թվականից միշտ հաղթել են դեմոկրատական կուսակցության թեկնածուները:

Նյու Հեմփշիր նահանգը եւս 1992-ից քվեարկել է դեմոկրատ թեկնածուների օգտին բացառությամբ 2000 թվականի, երբ այդ նահանգում հաղթել էր Ջորջ Բուշ կրտսերը: