ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակիցները ընկճված վիճակում են, շատերն արտասվում են, հայտնում է AP-ն:

Ներկայումս առանցքային մի շարք նահանգներում հաղթանակից հետո առաջատարը հանրապետական Դոնալդ Թրամփն է:

Գործակալության տեղեկություններով՝ հազարավոր մարդիկ են հավաքվել Նյու Յորքի Ջեյքոբ Ջեւիթսի մամուլի կենտրոնում, որտեղ տեղակայված է Քլինթոնի շտաբը: Այստեղ արտասվում եւ անհանգստությամբ հետեւում են ընտրության արդյունքները ներկայացնող էկրանին, շատերն արդեն հեռանում են:

Գործակալության տեղեկացմամբ՝ հանրապետականների շտաբում ուրախ տրամադրություն է:

ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգում: Նախ համաժողովրդական ընտրություններ են անցկացվում 50 նահանգներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթողը ստանում է ընտրական կոլեգիայի բոլոր անդամների ձայները: Հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ կոլեգիայի 538 անդամից 270-ի ձայները:

Ընտրական կոլեգիայի անդամները ձեւականորեն քվեարկելու են թեկնածուների օգտին դեկտեմբերի 19-ին, իսկ Կոնգրեսը քվեարկության արդյունքները հաստատելու է 2017 թվականի հունվարի 6-ին: