Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Տիգրան Մարգարյանի գործով նախաքննությունն ավարտվել եւ գործն ուղարկվել է դատարան։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Մարգարյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած, հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Մարգարյանի պաշտպան Վարդան Նիկողոսյանի խոսքով, ըստ մեղադրանքի, իր պաշտպանյալն իբր քար է նետել ոստիկանների ուղղությամբ։
«Իհարկե, նման բան չի եղել, նախաքննությամբ էլ է դա ապացուցվել, ոստիկաններն են պարզապես նման ցուցմունք տվել, գործով տուժած ոստիկան էլ չկա»,- ասաց պաշտպանը։
Տիգրան Մարգարյանը, ըստ պաշտպանի, հուլիսի 20-ին պարզապես փողոցով անցնելիս է եղել, երբ բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել ու կալանավորվել։ Նշենք, որ Տիգրան Մարգարյանը տառապում է ծանր հիվանդությամբ, չնայած սահմանված կարգին, որ նման հիվանդություն ունեցողները չեն կարող ազատազրկման մեջ լինել, Մարգարյանը ավելի քան մեկ ամիս անցկացրել է կալանավայրում։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել միայն օգոստոսի վերջին։
Տիգրան Մարգարյանի գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։




























