ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատանը հետեւողական միջոցառումներ են իրականացվում սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման եւ պարզեցման ուղղությամբ:

Ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ՀՀ վարչապետի եւ ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձեւակերպումների գործընթացում. «Մասնավորապես, եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերը, գործընթացը տեւում է 30 րոպե»: Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձեւակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը: Բաբկեն Ղազարյանի խոսքով՝ նախկինում ավտոմաքսատնից ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետեւ տարածաշրջանային մաքսատուն,  որտեղ եւ քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն:

ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրվում է միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գինը, եւ, եթե փաստաթղթերը արժանահավատ են, ապա հիմք են ընդունվում նրա ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով եւ մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով: «Նոր բարեփոխումների արդյունքում այժմ մեքենայի սեփականատերը հնարավորություն ունի ավտոմաքսատանը համակարգիչների միջոցով մաքսային ծառայողների հետ համատեղ դիտարկել ներկրած ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: Նման աշխատաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային եւ կանխատեսելի»,-ընդգծել է ավտոմաքսատան ղեկավարը:

ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, ձեւակերպումների ժամանակահատվածի կրճատումից բացի, շուտով գործառույթների մի մասը եւս կտեղափոխվի մաքսատներ: Մասնավորապես, եթե նախկինում մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվություն կարող էին ստանալ միայն կոմիտեում, ապա առաջիկայում այդ գործառույթը նույնպես կիրականացվի ավտոմաքսատանը: Կարեւորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու որակյալ ծառայությունների մատուցումը, մաքսատանը փոփոխությունները եւ նորույթները ներկայացվում են տեղեկատվական ցուցանակով: Մաքսային ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ էլ քաղաքացիները կարող են դիմել վերադասին:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ավտոմաքսատանը նույնպես փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ, մասնավորապես, նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների դեպքերում: Առանձին հուշաթերթիկներ կան նաեւ մաքսային արժեքի որոշման կամ ձեւակերպումների ընթացակարգերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: