«Արմաթ» ինժեներական ծրագիրն արդեն համախմբել է շուրջ 160 դպրոցների 3000-ից ավելի տաղանդավոր դպրոցականների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, նշվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա են եղել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, Այգեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանը, ՀՊՄՀ եւ թիվ 173 դպրոցի խմբակավարներ Նունե Օրդյանն ու Կարապետ Մանուկյանը: Նրանք ներկայացրել են ՀՀ կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի առանձնահատկությունները:

«Արմաթ» լաբորատորիաները, գործելով հիմնականում մարզերում եւ սահմանամերձ բնակավայրերում, տնտեսության կայուն զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում: Լաբորատորիաներում սովորող աշակերտները 3-4 տարվա ընթացքում ձեռք են բերում ինժեներական գիտելիքների այնպիսի պաշար, ստեղծագործականություն եւ ճկունություն, որ կարճ ժամանակահատվածում կարող են ձեռներեցությամբ զբաղվել ու հոգալ ընտանիքի եւ համայնքի հոգսերը:

Պատահական չէ, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի է արժանացել: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ Բրազիլիայում: Այն ավանդաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology - WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշում է. «Տեխնոլոգիական ոլորտն առանձնահատուկ է նրանով, որ աշխատանքը կատարվում է առցանց, ուստի համաշխարհային շուկայում առկա շուրջ 2 մլն թափուր աշխատատեղը կարող է լրացվել հենց հայ մասնագետների կողմից, իսկ միջազգային պատվերների ձեռքբերումը անմիջականորեն կնպաստի համայնքային զարգացմանն ու արտագաղթի նվազեցմանը:

Հիշեցնենք, որ 2016 թ-ի մարտին ԻՏՁՄ-ի եւ Կառավարության միջեւ՝ ի դեմս Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, ստորագրվել է համագործակցության հուշագիր «ՀՀ համայնքներում եւ հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում համագործակցելու մասին: Ըստ հուշագրի՝ կողմերը ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար կհամատեղեն ջանքերը:

ԻՏՁՄ-ն շարունակում է ներդրումների հայթայթման գործընթացը, որպեսզի ժամանակակից տեխնոլոգիական կրթության հավասար եւ անվճար հնարավորություն ապահովի ՀՀ բոլոր դպրոցականներին:

«Արմաթը» գործում է անվճար հիմունքներով եւ բաց է բոլոր դպրոցականների առջեւ: Այն դպրոցների աշակերտները, որտեղ դեռեւս չեն հիմնվել նման խմբակ-լաբորատորիաներ, կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: