«ԱրմենՏել» ընկերությունը արձագանքել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից նոյեմբերի 9-ին տարածված մամուլի հաղորդագրությանը, ըստ որի, Ընկերության կողմից հայտարարված մրցույթի պայմանները սահմանափակում են փոքր ընկերությունների գործունեությունը:

«ԱրմենՏել» ընկերության մեկնաբանության մեջ ասվում է.

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իր 16.05.2016թ. որոշմամբ հարուցել է վարչական վարույթ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա: Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթը դադարեցվել է 25.07.2016թ. Թիվ 47 որոշմամբ`հաշվի առնելով, որ վարչական վարույթի ընթացքում ԱրմենՏել ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման փաստ չի հայտնաբերվել: Հետեւաբար Հանձնաժողովի կողմից Ընկերությանը տրված նախազգուշացման որոշումն անհիմն է եւ բողոքարկված է ՀՀ Վարչական դատարանում:

Ինչ վերաբերում է «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ին, ապա, վերջինիս նկատմամբ Ընկերության դիմումի հիման վրա Գնումների աջակացման կենտրոնին ներկայացվել է հայտ մրցույթների մասնակցության իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու մասին: Դիմումի համար հիմք է հանդիսացել Տրանս-Սֆեր ՍՊԸ-ի կողմից մրցույթին ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելը, որով վերջինս խախտել է մրցույթի կանոնները: Ուստի ակնհայտ է, որ «ԱրմենՏել»–ի կողմից որեւէ սահմանափակում տեղի չի ունեցել, քանի որ «ԱրմենՏել»–ը գործում է բոլորովին այլ ծառայությունների շուկայում:

Նշենք, որ այդ առումով մենք միակ պատվիրատուն չենք,  Տրանս-Սֆեր ՍՊԸ-ի նկատմամբ, պատվիրատու է հանդիսանում նաեւ Հենակետային Քոլեջը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն դիմում-բողոք է ստացել «Տրանս-Սֆեր» ընկերությունից, որը վերաբերում է «ԱրմենՏելի» կողմից պահնորդական ծառայություններ իրականացնելու համար հայտարարված մրցույթին:

Մասնավորապես, «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն դժգոհել է մրցույթի կազմակերպման ընթացքից ու պայմաններից: Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» կողմից սահմանվել են պահանջներ ոչ թե մրցույթի արդյունքում հաղթող ընկերության, այլ բոլոր մասնակիցների նկատմամբ, մինչդեռ նախապես պարզ չէ, թե որ մասնակիցն է հաղթելու այդ մրցույթում:

Ստացվում է, որ որոշ ընկերություններ, մրցույթին մասնակցելու հնարավորությունը բաց չթողնելու համար ստիպված են լինում ներգրավել նոր աշխատողներ, կրել ֆինանսական ծախսեր, մինչդեռ դեռեւս պարզ չէ վերջիններս այդ մրցույթում կհաղթեն, թե՝ ոչ: Բացի այդ, ուսումնասիրություններից պարզվել է, որ «ԱրմենՏելը» մրցույթներում սահմանում է նաեւ այլ պայմաններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն մրցույթի պայմանների հետ, սակայն կարող են ազդեցություն ունենալ ինչպես հաղթող ընկերության ընտրության արդյունքների վրա, այնպես էլ ոլորտում առկա մրցակցային պայմանների վրա:

Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» նման վարքագիծը, երբ նախապես կիրառվել են որոշակի սահմանափակող պահանջներ այն ընկերությունների հանդեպ, որոնք դեռեւս չեն հաղթել մրցույթում, կարող է անհավասար պայմաններ ստեղծել դաշտում՝ մրցակցային առավելություն տալով անհամեմատ խոշոր եւ ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող ընկերություններին:

Հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերությանը զգուշացրել է ձեռնպահ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, ինչպես նաեւ վերոնշյալ խնդրի կարգավորման կապակցությամբ դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: