Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով հերթական դատական նիստն այսօր՝ նոյեմբերի 9-ին, հետաձգվեց․ չէր հաջողվել գործով միակ վկային դատարան բերման ենթարկել։
Գործով միակ վկան Վարդգես Մովսիսյանն է, որն ամբաստանյալի անձնական խուզարկությանը մասնակցած ընթերական է։ Նախորդ դատական նիստին դատարանը հայտնեց, որ Մովսիսյանի հասցեն սխալ է, հարեւաններն ասել են՝ նման մարդ չեն ճանաչում։ Այսօրվա նիստին պարզվում է՝ հարեւանները ճանաչել են Մովսիսյանին, սակայն այս անգամ էլ նա Արցախում է, այդ պատճառով էլ նրան չէր հաջողվել բերման ենթարկել դատարան։
Նիստին չէր ներկայացել նաեւ մյուս ընթերական՝ Հարություն Գասպարյանը, որը, սակայն, գործով վկա չէ, ըստ մեղադրող կողմի, նախաքննական մարմինն անհրաժեշտություն չի տեսել նրան հարցաքննելու։
Դատարանը որոշեց նիստը կրկին հետաձգել եւ փորձել բերման ենթարկել ընթերականերին։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը նշեց, որ տպավորություն է՝ մեղադրող կողմը շահագրգռված չէ, որ ընթերակաները նիստին ներկայանան։ Երվանդ Վարոսյանը հիշեցրեց նաեւ, որ երկար տարիներ իրենք տարբեր գործերով լսում են, որ վկաները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ չեն կարող ներկայանալ նիստերին։
Մեղադրող Հակոբ Ենոքյանից էլ լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է հրաժարվեք մեղադրանքից։
«Այս պահին դա անհնար է, որովհետեւ քննություն է ընթանում»,- ասաց դատախազը։
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):
20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:




























