«Հիմնադիր խորհրդարանն» ու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը քննադատում են միմյանց: «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է , որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ այլ ԱԻՄ-ականներ հանդես են գալիս Հիմնադիրի քննադատությամբ:

«ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մի քաղաքացուց վրդովված նրան անվանել է Հիմնադիր խորհրդարանի առաջամարտիկ եւ նրա գործողությունների առիթով հերթական անգամ հանդես է եկել Հիմնադիր խորհրդարանի կոշտ քննադատությամբ: Պարոն Հայրիկյանին եւ նրա տեսակետները պաշտպանողներին տեղեկացնում ենք, որ երեկ դատարանի բակում ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանի կողմից նշված քաղաքացին Հիմնադիրի անդամ չի եղել եւ չէ, իսկ Հիմնադիրը «առաջամարտիկ» կարգավիճակ չունի:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հիմնադիրը կուսակցություն չէ, այն ընտրվել է Խորհրդարանի սկզբունքով եւ նրա անդամները կարող են որոշակիորեն տարբեր հայացքներ ունենալ եւ տարբեր կուսակցությունների անդամ լինել, ինչպես օրինակ, Կարո Եղնուկյանը եւ Գագիկ Սարուխանյանը ԱԻՄ անդամ են: Նրանցից օրինակ, Գագիկ Սարուխանյանը վերջերս կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Հիմնադիրի նկատմամբ եւ ամեն առիթով որպես ԱԻՄ անդամ , ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի եւ այլ ԱԻՄ-ականների հետ միասին հանդես է գալիս Հիմնադիրի քննադատությամբ: Այս երեւույթը կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, սակայն ժողովրդավարության տեսակետից ընդունելի է, ուստի ԱԻՄ առաջնորդին եւ Հիմնադիրի նկատմամբ նրա քննադատական տեսակետները պաշտպանող մյուս ԱԻՄ-ականներին, այդ թվում Հիմնադիրի անդամ Գագիկ Սարուխանյանին հորդորում ենք նկատի ունենալ Հիմնադիրի այս առանձնահատկությունը:

Լրացուցիչ կերպով նաեւ տեղեկացնում ենք, որ Հիմնադիրի անունից կարող են հանդես գալ նրա նախագահը, նախագահի տեղակալները, մամուլի խոսնակը, Քարտուղարության համակարգողը եւ համակարգողի տեղակալը: Ուստի անգամ Հիմնադիրի մյուս անդամները արտահայտում են իրենց անձնական տեսակետները, եթե հղում չեն կատարում Հիմնադիրի որոշումներին կամ նրա որոշումներով սահմանված կարգով վերը նշված պատասխանատուների արտահայտած պաշտոնական տեսակետներին»,-ասված է հաղորդագրությունում: