Սերժ Սարգսյանը 2016 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ.
1. 2016 թվականի նոյեմբեր - 2017 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը եւ իրականացումը:
3. 2017 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական եւ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է հրամանագրում:



























