Հայկական Arloopa ընկերությունը դարձել է վրացական GITI ամենամյա տարածաշրջանային ՏՏ միջոցառման շրջանակում անցկացվող մրցանակաբաշխության հաղթող «The Best Multimedia Project» անվանակարգում: Այս մասին NEWS.am–ի թղթակցին տեղեկացրեց ընկերության տնօրեն Արման Աթոյանը:
«GITI ինովացիոն լուծումների եւ կիբեռանվտանգությանը նվիրված կոնֆերանսին ներկայացրել էինք մեր interiAR հավելվածը, որն ամբողջովին փոխում է ինտերիերային գնումներ կատարելու պատկերացումները: interiAR-ը լրացված իրականության տեխնոլոգիայով տան կահավորման լուծում է, որը շուկայում առկա նմանատիպ այլ ծրագրերից տարբերվում է նրանով, որ չի ներկայացնում որեւէ մեկ բրենդ, այլ հարթակ է ծառայում ցանկացած ինտերիերային լուծում առաջարկող ընկերության համար: Մինչեւ ինտերիերային որեւէ իր գնելը հավելվածի միջոցով կարելի է տեղադրել այն ցանկացած վայրում, տեսնել, թե ինչքանով է այն համապատասխանում ձեր ճաշակին, հետո նոր գնել: Այժմ արդեն պատրաստվում ենք ակտիվորեն համագործակցել բրենդների հետ, որոնք իրենց կատալոգը կցանկանան հավելվածում ներառել»,- ասում է Արման Աթոյանը:
Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող ամենամյա GITI միջոցառումը նվիրված է լինում ՏՏ ոլորտում ինովացիաներին եւ կիբեռանվտանգությանը: Միջոցառումը բացի կոնֆերանսից ներառում է նաեւ ցուցահանդես եւ մրցանակաբաշխություն:





























