Ոստիկաները նոյեմբերի 11-ի երեկոյան բերման են ենթարկել փաստաբան Վարդան Նիկողոսյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ նոյեմբերի 11-ի երեկոյան, երբ Երեւանի սրճարաններից մեկում երեխայի ծնունդ նշելիս են եղել, մի քանի ոստիկան են ներս մտել եւ ապօրինի պահաջներ ներկայացրել, ինքը միջամտել է եւ բերման ենթարկվել:
«Մենք պարզապես պարում էինք, երեխայի ծնունդ էինք տոնում, ժամը 23:00-ի սահմանում էր: Ես ներկայացա, որ փաստաբան եմ եւ ասացի, որ դուք իրավունք չունեք օրենքը խախտել, ասեցին՝ թե վերեւի հարեւանը բողոքել է, որ խանգարում եք: Ես էլ ասացի՝ չէ որ ծնունդ է, երեխաները ուրախանում են, հետո պահանջեցի, որ դուրս գան, եթե իրավական հիմնավորումներ չունեն: Այդ ժամանակ ձեռնաշղթաներ հագցրին, ես էլ ասացի, որ ինքս կնստեմ մեքենա: Տարան Կենտրոնի ոստիկանության բաժին եւ մինչեւ ժամը 4-ը ինձ պահեցին այնտեղ առանց որեւէ փաստաթղթի, առանց որեւէ հիմնավորման: Ասում եմ՝ ըստ սահմանադրության, մարդու առեւանգել չի կարելի, ասում են՝ թքած ունենք քո սահմանադրության վրա, մեր ոստիկանությունն ա, ինչ ուզենք, կանենք»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ իր գործընկեր Արմեն Հակոբյանին թույլ չեն տվել իր մոտ մտնել. «Արմեն Հակոբյանի նկատմամաբ ընդգծված վերաբերմունք կար, թույլ չէին տալիս, որ մտնի ներս, հետո մինչեւ ժամը 4-ը ինձ պահեցին այդտեղ, որից հետո բաց թողեցին»:
Վարդան Նիկողոսյանը նշեց, որ արդեն դիմել է Հատուկ քննչական ծառայություն, նաեւ փաստաբանների պալատ՝ ոստիկանների ապօրինի գործողությունների հետ կապված:
Փաստաբանը նաեւ ձեռնաշղթայի պատճառով ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել եւ դիմել է բժշկական կենտրոն:




























