Գորիսի «Սդղի գյոլ» կոչված տեղում 2015թ. մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության գործով դատապարտվածների փաստաբանները պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել:

«Մենք դատավճիռը ստացել ենք 45 օր անց, ոչ թե 5: Այժմ բողոքն ենք պատրաստում, որ ներկայացնենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալների պաշտպաններից Արմեն Մելքոնյանը:

Դատապարտվածները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականներից են կամ մտերիմ շրջապատից: Նրանց գործով վճիռը կայացվել էր դեռեւս սեպտեմբերի 19-ին, սակայն կողմերից եւ ոչ մեկն այն սահմանված ժամկետում չէր ստացել:

Նշենք, որ Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը եւ Շահում Դավթյանը, դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը եւ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա, մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա: Ի դեպ, գործով դատախազն ավելի խիստ պատիժ էր պահանջել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանները մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս:

Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ եւ Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Յուրի Մանուչարյանն ու Դերենիկ Հակոբյանը կալանավորված են, Շահում Դավթյանը գրավով ազատ է արձակվել, իսկ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված էր նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդին, որը սակայն 2015թ. հոկտեմբերի 1-ին ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: