Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ցուցմունք տվեց հարուցված գործի շրջանակում տուժող ճանաչված, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հարություն Ալեքսանյանը:

Նա նշեց, որ ամբաստանյալներին բոլորին ճանաչում է, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ է եղել մինչեւ այն պահը, երբ նրանց միջեւ վեճ է տեղի ունեցել. «Բոլորին ճանաչում եմ, լավ հարաբերություն եմ ունեցել, հետո վատացել է` իմ վերաբերմունքը բացասական է դարձել Ազարյան Մովսեսի եւ Վաչեի հետ տեղի ունեցած վեի պատճառով: Պատճառն այն էր, որ մի քանի օր առաջ` կիրակի, տեսակցություն է եղել, երբ ինչ-որ մեկը գնացել եւ կուրսանտներից Սամվել Սերոբյանի մասին վատ արտահայտություն է արել, ինքն էլ պատմել է Վաչեին, որից հետո նույն մարդուն ինստիտուտ են հրավիրել ու նա հերքել է իր ասածները: Այդ ժամանակ էլ վեճ է տեղի ունեցել, ամբաստանյալներն ինձ ձեռքերով ծեծել են, աչքիս տակ կարմրել է»,-պատմեց կուրսանտը:

Նա նշեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության օրն` առավոտյան, արթնացել են, հագել են սպորտային հագուստներ, նկատել են, որ անձնակազմից բացականեր կան, անցել են ննջասենյակ եւ Հայկազ Բարսեղյանի անկողնու ծածկոցը քաշելով` նկատել են, որ արյունոտ է, ավելի ուշ նրան հայտնաբերել են կախված վիճակում. մտածել են` ինքնասպան է եղել. «Կապիտան Ավետիսյանն ա սկզբից բացել ծածկոցը եւ տեսել արյունոտ անկողինը: Նորիկ Սահակյանը մոտեցավ ինձ, ասաց, որ մինչեւ երկուսն արթուն է եղել եւ ոչ մի բան չի նկատել: Հետո ավելի ուշ պարզվեց, որ Հայկազն ինքնասպան չի եղել, այլ` սպանվել: Առավոտյան կուրսանտներից Գագիկ Հարությունյանը պատմեց, որ առավոտյան Գնելն իրեն դանակ է տվել, որ տանի դնի Գնելի հոր ավտոյի բարդաչոկը»:

Նա նշեց, որ ամբաստանյալներից Գնել Թեւոսյանը արտոնություններ է ունեցել` ամեն շաբաթ եւ կիրակի տուն է գնացել, գիշերները եւս. «Իր հայրիկով շատ էր վեր-վեր թռնում, շաբաթ, կիրակի շատ էր դուրս գալիս եւ ամեն գիշեր ազատ դուրս էր գալիս, ինքը նման արտոնություններ ուներ: Նորիկ Սահակյանի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, լավ սովորող զինծառայող էր, Վաչեն էլ լավ էր ծառայում, լավն տղա էր: Գնելն էլ մարտկոցի տղաներին էր շուտ-շուտ կպնում, նեղացնում` Վաչեի հովանավորության տակ ապրում էր»:

Այդ օրը հերթապահ Թելման Մխիթարյանը պատմել է, որ Հայկազին տեսել է «կապտյորկա» մտնելիս, նա մոտեցել ու նրանից սիգարետ է ուզել`ասելով, որ տրամադրություն չունի. «Մխիթարյանը ասել է, որ Հայկազը շատ ճնշված է եղել, հետո Մխիթարից, որ սիգարետ է ուզել, հարցրել է` դու ծխող չես, ինչու ես ծխում, ասել է տրամադրություն չունի: Հայկազը շատ բարի, լավ, ուժեղ տղա էր, կյանքը սիրող, եկել էր սպա սպա դառնալու համար»:

Դատախազը միջնորդություն ներկայացրեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ են առկա: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: