Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցը իշխող կուսակցության գործադիր մարմնի՝ նոյեմբերի 14–ի նիստին չի քննարկվել։ Այս մասին նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նիստին քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարը, նաեւ ամփոփվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հարցին, թե հնարավոր է, որ վարչապետ առաջիկա համագումարի ժամանակ դառնա ՀՀԿ անդամ, ՀՀԿ խոսնակը պատասխանել է. «Դանդաղ շտապեք, կապրեք կտեսնեք»:
Շարմազանովը նաեւ վստահեցրել է, որ համագումարի օրակարգում կուսակցության ղեկավար կազմի փոփոխության հարց ընդգրկված չէ։
«Երկու ղեկավար երբեք չի եղել կուսակցությունում, մեկ ղեկավար է եղել, ով կուսակցության նախագահն է։ Մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, այն դեռ երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Ես չեմ կարծում, որ համագումարի որևէ ընտրված պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդ չի լինելու Սերժ Սարգսյանը, դա մեր կուսակիցների ցանկությունն է»,– ասել է նա։




























