Դեռահասներին, որոնք Պսկովի շրջանում ոստիկանական մեքենայի վրա կրակելուց հետո փակվել էին տանը, գտել են մահացած՝ հրազենային վիրավորումներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ՔԿ։

Անհետ կորած դեռահասի գտնվելու վայրի մասին ստուգումների ժամանակ Ստրուգի Կրասնիյե ավանի տներից մեկի մոտ ոստիկանների վրա հրազենից կրակ են բացել, որը վնասել է ծառայողական ավտոմեքենան։ Ոստիկանները բնակիչների անվտանգության համար փակել են մուտքը դեպի պատահարի վայր։

 ՔԿ-ն նշում է, որ իրավապահները մի քանի ժամ բանակցել են , բայց ապարդյուն։ Ավելի ուշ անչափահասները դադարել են կապ հաստատել։ Հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները կիրառել են լուսային նռնակներ ու սկսել գրոհը։ Սակայն դեռահասներին մահացած են գտել՝ հրազենային վիրավորումով, նրանց անձը հաստատվել է, ծնողների հետ աշխատում են քննիչները։

Դեռահասները իրենց կյանքի վերջին ժամերը ուղիղ հեռարձակել են Periscope–ով, շփվելով ընդհանուր ընկերների հետ։ Պատմելով, թե ինչ են իրենք արել, աղջիկը խորհուրդ է խնդրել ընկերներից՝ ասելով «Մենք ելք չունենք»։ Իսկ պատանին էլ հավելել է , որ «սպանել է երկու շների, կոտրել պատուհաններ ու կրակել ոստիկանների վրա»։ Աղջկա խոսքով իրենք հանգիստ քնած են եղել, երբ նրանց մոտ են եկել նրա մայրն ու տատիկը։ Նա դուրս է եկել նրանց դիմավորելու ձեռքին դանակ բռնած։ «Տատիկս հարձակվեց վրաս, որ դանակը վերցնի, իսկ մայրս սկսեց նրան հանգստացնել։ Արդյունքում նրանք պատահաբար կտրեցին ձեռքերս։ Դենիսը սկզբում նրանց հանգիստ ասաց, որ հեռանան։ Հետո նա կրակեց պնեվմատիկ զենքից ու պատահաբար դիպավ մայրիկիս կոնքին»։ «Հետո ոստիկանները մոտեցան ու սկսվեց»,- հավելում է պատանին։