Հայ-թուրքական սահմանի բացումը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, սակայն դա որոշ չափով կթուլացնի Վրաստանի դերը։ Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Կովկասի հարցերով վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն։

Ըստ նրա, մինչ այժմ առաջին անհրաժեշտության ապրանքներով Հայաստանի մատակարարումը կատարվում էր Վրաստանի տարածքով տարանցման միջոցով, ինչը երկրին հիմնարար նշանակություն էր տալիս։ «Վրաստանը հնարավորություն ուներ այս տարիների ընթացքում օգտագործելու իր արտոնյալ դիրքը և հասնել որոշակի հաջողությունների։ Այս վիճակը խախտվել է, և Վրաստանի դերը թուլացել է։ Դա շատ վատ է մեզ համար»,- ասել է Մ. Արեշիձեն։

Միաժամանակ նա չի բացառել, որ սահմանի բացումը կնպաստի խաղաղ գործընթացին, այդ թվում և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։