Այսօր` հոկտեմբերի 25-ին Հայաստան է ժամանել Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի պատվիրակությունը` բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովի գլխավորությամբ:

Բանկի պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի, Ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահի եւ «Արդշինինվեստբանկի» ղեկավարության հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 26-ին, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում ժամը 13:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Նշենք, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) հիմնադրվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (Black Sea Economic Cooperation) 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա): Հայաստանի մասնաբաժինը Բանկի կապիտալում կազմում է 1 տոկոս:
Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը եւ նրանց միջեւ տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր եւ պետական հատվածի ֆինանսավորման միջոցով:

Սկսած 1999 թ.-ից Բանկը ֆինանսավորել է 169 նախագծերª 2.1 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2009 թ. տարեվերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն ԱՄՆ դոլար:

Բանկի կողմից Հայաստանի կազմակերպություններին տրամադրված վարկերի մնացորդը 31.12.09 դրությամբ կազմել է 54.2 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է Բանկի վարկային պորտֆելի 6 տոկոսը: