Հայաստանի՝ 2011 թվականի բյուջեի նախագծին նայելիս չի հասկացվում, թե ի՞նչ են ուզում դրանով անել, եւ ընդհանրապես, այստեղ նույն նախադասություններն ու մտքերն են, ինչ որ նախանցած եւ անցած տարիների բյուջեների դեպքում՝ միայն տարեթվի փոփոխությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, 2011-ի բյուջեի նախագծում չկա որեւէ նորություն կամ ծրագիր, որը թույլ կտա ասել, որ Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից եւ գնում է դեպի զարգացում։ «Իրականում մենք գտնվում ենք նույն վիճակում, որում գտնվում էինք 2009-2010-ին։ Ոչ մի տարբերություն չկա»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ նախորդ տարվա համամատությամբ այս տարի դրսից ստացվող տրանսֆերտների թիվը մեծացել է, Վահագն Խաչատրյանը նկատեց. «Եթե տրանսֆերտներն ավելացել են, դա Հայաստանի տնտեսության հաշվին չի եղել, դա եղել է Ռուսաստանի կամ համաշխարհային տնտեսության աճի հաշվին։ Հպարտանալ դրանով վկամ հույսը դնել ստացվող տրանսֆերտների վրա, նշանակում է հույսը դնել ոչնչի վրա, այսինքն՝ այն, ինչ հիմա արվում է։ Դա նշանակում է Հայաստանը հերթական անգամ տանել դեպի պարտքերի դուռը, հույսը դնել ներմուծման վրա։ Այնինչ պետք է արտահանմանը միտված քայլեր արվեն»,- նշեց տնտեսագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ անցած տարվա համեմատությամբ՝ 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ տրանսֆերտներն աճել են 8-9 տոկոսով։
Ամփոփելով՝ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ հաշվի առնելով բյուջեի ոչ մեծ ծավալները՝ իշխանությունները հերթական անգամ կդիմեն միջազգային կառույցներին՝ խնդրելով հետաձգել վարկերի սպասարկումները։ «2011-2013 թվականներն այս առումով ամենադժվար ժամանակներն են լինելու։ Սա աղքատի հոգեբանությամբ իշխանություն է»,- համոզմունք հայտնեց նա։
Նշենք, որ իր վերջին ելույթներից մեկում ՀԱԿ անդամը ասել էր. «Բյուջեն, որը կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով, հերթական, գոյատեւման հարց լուծող բյուջե է. այն ոչ մի լավ բան չի խոստանում»։ Նա նաեւ նշել էր, որ «սահմանափակ հնարավորություններ ունեցող բյուջեի այս նախագիծը մի փաստաթուղթ է, որն ԱԺ է ներկայացվել պարզապես ներկայացված լինելու համար, ոչ ավելին»:



























